Մեր մասին

Ընկերություն

Մենք զբաղվում ենք հանրային կարծիքի հետազոտությամբ և հաղորդակցության խորհրդատվությամբ` օգնելով որոշում կայացնողներին և գործարարներին ստեղծել, գնահատել, զարգացնել ու դրական հեղինակություն ձևավորել իրենց կերպարի ու բրենդի շուրջ։ Մեր մասնագիտական խորհրդատվությունը հիմնված է բացառապես հետազոտական տվյալների վրա, որոնց գաղտնիությունը երաշխավորվում է ընկերության կորպորատիվ էթիկայի կանոնակարգերով և տվյալների պահպանման ժամանակակից տեխնոլոգիաներով։

Ունենալով մոտ 15 տարվա հարուստ մասնագիտական փորձառություն՝  մենք հաջողությամբ իրականացրել ենք մոտ 400 ծրագիր՝ պետական կառավարման, սոցիալ-տնտեսական, ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, կրթության և հանրային առողջության ոլորտներում։

Բրեվիսը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող բրյուսելյան «Քանթար» (TNS), վաշինգթոնյան «Փյու Ռիսրչ», վրացական «ԳՈՐԲԻ» (GORBI) և մոսկովյան «ВЦИОМ» (Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն) ընկերությունների հետ համատեղ հետազոտական նախագծերի իրականացման նպատակով։ Ընկերությունը տասնյակ հետազոտական մոդելների հեղինակ է (օրինակ՝ «Կյանքի որակը Հայաստանում», «Համայնքային կարիքների գնահատում»), նաև տարիների ընթացքում մշակել է նախընտրական հետազոտությունների այնպիսի մեթոդաբանություն, որը հնարավորություն է տալիս մինչև 1.5% ճշտությամբ կանխատեսել ՀՀ-ում ընտրությունների արդյունքները։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

 

Բրեվիսի համար սոցիալական պատասխանատվությունը կարևորագույն արժեքներից մեկն է և ընկերության ամենօրյա աշխատանքի անբաժան մասը: Բրեվիսը պատասխանատու է ոչ միայն սեփական բիզնեսի, այլև ոլորտի զարգացման և հանրության առջև:

Բրեվիսը հստակ և կանոնակարգային մոտեցումներ ունի սեփական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շուրջ և իր գործունեության մոտ 15 տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր ու միջոցառումներ՝ աջակցելով սեփական մասնագիտական համայնքին ու նրանց գաղափարների իրականացմանը՝ այդ թվում, ոլորտի առաջատարներին՝ «Հայաստանում սոցիոլոգիայի ոլորտում նշանակալի ներդրում կատարելու համար» սահմանելով հատուկ մրցանակներ:

Breavis Awards-ի մրցանակակիրների շարքում են եղել բազմաթիվ նշանավոր գործիչներ, այդ թվում նաև պրոֆեսոր Մ. Ռ. Լեփսիուսը, դոկտոր Թոմաս Լուկմանը, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը, դոկտոր Մարիա Զասլավսկայան, դոկտոր Արթուր Մկրտիչյանը և դոկտոր պրոֆեսոր Թիլման Ալերտը:

Բացի այդ,  Բրեվիսը տրամադրում է կրթաթոշակներ այն ուսանողներին, ովքեր սոցիոլոգիայի ոլորտում իրականացնում են անհատական հետազոտական աշխատանք: Սա Հայաստանում սոցիոլոգիայի ոլորտում տրամադրվող առաջին և միակ կրթաթոշակն է: Հաղթող ճանաչված հետազոտական ծրագրի համար ուսանողը 6 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս ստանում է 50,000 դրամ, ընդհանուր՝ 300,000 դրամ: Կրթաթոշակներին դիմելու հայտարարությունները պարբերաբար տեղադրվում են կայքում։

Ոլորտի զարգացում

Բրեվիսը պարբերաբար կազմակերպում է հանրային դասախոսություններ հետազոտությունների և հաղորդակցության ոլորտների վերջին զարգացումների թեմաներով: Վերջին նմանատիպ դասախոսություններից էին Breavis-ի կողմից Հայաստան հրավիրված Ֆրանկֆուրտ (Մայն) քաղաքի Գյոթեի անվան համալսարանի սոցիոլոգիայի և հասարակական հոգեբանության պրոֆեսոր դոկտոր Թիլման Ալերտի դասախոսությունների շարքը, ինչպես նաև Հունգարիայի Պիտեր Փազմանի անվան Համալսարանի ներկայացուցիչների քննարկումները՝ ուղղված Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի զարգացմանը:

Բրեվիսը կազմակերպում է նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ ՀՀ բուհերի ուսանողների համար: Դասընթացներն ընդգրկում են ինտենսիվ աշխատանքային փորձի փոխանակում, ընկերության մասնագետների կողմից վարպետության դասերի անցկացում և ուսանողների կողմից իրականացվող ավարտական նախագծերի հովանավորում:

Աջակցություն և հովանավորություն

Բրեվիսը պարբերաբար աջակցում է իր ոլորտին ուղղակի կամ անուղղակի առնչվող գաղափարների կյանքի կոչմանն ու միջոցառումների կայացմանը:

Բրեվիսի կողմից մեծ աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական երիտասարդական խորհրդարանի կազմակերպած 2-րդ միջազգային ֆորումը, որը Հայաստանում հյուրընկալել էր 50 երկրներից ավելի քան 250 երիտասարդների՝ քննարկելու ժողովրդավարության զարգացման հարցում երիտասարդության մասնակցության հարցը:

Բրեվիսն աջակցել է հանրային կապերի ու հաղորդակցության զարգացմանն ուղղված երկու համաժողովների կայացմանը՝ Deem Communications-ի կողմից կազմակերպած PR Summit-ն ու Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) կողմից կազմակերպված «Հանրային հաղորդակցություն. արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովը:

Մենք հավատում ենք, որ, նախաձեռնելով և աջակցելով մեր ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերին, մենք նպաստում ենք հանրային կարծիքի հարցումների և շուկայի ուսումնասիրությունների փորձի զարգացմանը Հայաստանում:

Բրեվիսի աջակցությունն են ստացել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ՝ տարբեր հասարակական նախաձեռնությունների իրագործման համար: Դրա օրինակներից է աջակցությունը «Սահման. զարգացման ծրագրեր» համայնքի «Բարեկամավանի զարգացման ծրագիր» նախաձեռնությունը, ԱՅՈ հիմնադրամի Այգեպարի «Պաշտպանիչ պատ» նախագիծը, «Էխո» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող ՀԿ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված տեղաշարժման խնդիր ունեցող երեխաների խնդիրների լուծմանը և «Հույսի Կամուրջ» ՀԿ-ի կազմակերպած դրամահավաքը՝ Ջիլավյան եղբայրների համար անվասայլակներ գնելու համար:

Բրեվիսը, լինելով որակյալ մշակութային արժեքների տարածման կողմնակից, 2008թ.-ից սկսած, հովանավորել է մի շարք մշակութային միջոցառումներ՝ հիմնական շեշտը դնելով դասական երաժշտարվեստի աջակցության վրա։

Մտավոր սեփականություն

 

Breavis-ը մշակել է մի շարք հետազոտական մոդելներ, որոնք հնարավորություն են տալիս ճշգրտությամբ չափել և գնահատել հանրության վարքն ու տրամադրությունը: Այս մոդելները գրանցված են ՀՀ-ում՝ որպես Breavis-ի մտավոր սեփականություն:

© 2019 Breavis | Revolve by AccessPress Themes