Էթիկա և արժեքներ

Ընկերության էթիկական վարվելակերպն ուղղակիորեն ազդում է ընկերության հեղինակության վրա, ուստի Բրեվիսի բոլոր աշխատակիցները պարտավոր են առաջնորդվել ընկերության գործունեության կանոնագրում ամրագրված բոլոր էթիկական և մասնագիտական սկզբունքներով:

Էթիկայի կանոնագիրքը Բրեվիսի գործունեության ինքնակարգավորման հիմքն է և հետապնդում է հետևյալ նպատակները՝

  • Հանրության վստահության ապահովում հանրային կարծիքի ուսումնասիրություն իրականացնող ընկերությունների գործունեության հանդեպ,
  • Համապատասխան տեղեկությունների հավաքագրում և փոխանցում` հանրությանը չվնասող մոտեցմամբ,
  • Էթիկական սկզբունքների ամրագրում, որոնց պետք է հետևեն ընկերության աշխատակիցները:

Բրեվիսը ի դեմս իր բոլոր աշխատակիցների պարտավորվում է պահպանել հետևյալ մոտեցումները՝

  • Շահերի բախման բացառում
    Բրեվիսի աշխատակիցները պետք է խուսափեն շահերի բախումից և նույնիսկ դրա հնարավորությունից: Նրանք երբեք չպետք է ներգրավվեն այնպիսի գործողության մեջ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով կասկածի տակ դնել ընկերության վստահելիությունն ու օբյեկտիվությունը: Շահերի բախում առաջացնող գործողությունների թվին են դասվում տարբեր խմբերին և ընկերակցություններին անդամակցելը, ինչը կարող է հարցականի տակ դնել ընկերության հանդեպ վստահությունն ու անկողմնակալ հեղինակությունը:
  • Քաղաքական անկողմնակալության ապահովվում
    Բրեվիսը և այն աշխատակիցները, ովքեր իրականացնում են հարցումներ, ուղղակի կամ անուղղակի կերպով չպետք է քարոզեն կամ օժանդակեն որևէ քաղաքական ուժի: Բացի այդ, ընկերությունը նաև խստիվ արգելում է ընկերության կառավարման թիմին լինել կուսակցության անդամ, նույնիսկ եթե դա նրանց անձնական՝ աշխատանքի շրջանակից դուրս, գործունեության մասն է:
  • Հետազոտության ամբողջականության ապահովում
    Պատվիրատուներին և հասարակությանը ներկայացվող հետազոտությունների որակը երաշխավորելու համար ընկերությունն իր հետազոտություններն անցկացնում է թափանցիկության և կրկնակի ստուգման սկզբունքների հիման վրա: Բրեվիսը պարտավորվում է ներկայացնել իր կողմից իրականացված հետազոտությունների մեթոդաբանությունը և գործիքակազմը՝ ապահովելով հետազոտության ամբողջականությունը:

Բրեվիսը՝ ի դեմս իր բոլոր աշխատակիցների՝ պարտավորվում է ցանկացած պարագայում հետևել նշված սկզբունքներին՝

  1. Հետազոտությունները պետք է անցկացվեն համաձայն ՀՀ և միջազգային օրենսդրական նորմերի և կարգավորումների:
  2. Հանրային կարծիքի ուսումնասիրությունները պետք է անցկացվեն համընդհանուր էթիկական նորմերին համապատասխան, որպեսզի չվարկաբեկեն ոլորտի մասնագետների հեղինակությունը:
  3. Հարցումներ անցկացնելիս անհրաժեշտ է հստակ ներկայացնել հետազոտության նպատակն ու բնույթը՝ առանց հարցվողներին թյուրիմացության մեջ գցելու:
  4. Ռեսպոնդենտների մասնակցությունը հարցումներին պետք է իրականացվի բացառապես կամավորության սկզբունքով:
  5. Անհրաժեշտ է հարգել յուրաքանչյուր ռեսպոնդենտի՝ հարցերին պատասխանելուց հրաժարվելու իրավունքը:
  6. Հետազոտության ընթացքում ստացված հարցվողների անձնական տեղեկատվությունը պետք է օգտագործվի միայն ընդհանրացված ձևով:
  7. Հարցումներից ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել որևէ այլ նպատակով, որը չի առնչվում հետազոտությանը:
  8. Հետազոտությունների անցկացումն ու փաստաթղթավորումը պետք է իրականացվի բարձր կազմակերպվածությամբ ու պատասխանատվությամբ:
  9. Ընկերության աշխատանքը պետք է լինի ճշգրիտ, թափանցիկ և օբյեկտիվ:
  10. Ընկերության աշխատակիցները պետք է առաջնորդվեն բարեխիղճ մրցակցության սկզբունքով: