Արդեն գոյություն չունեցող Երիտասարդական պալատը Երևանի ամենասիրելի խորհրդանիշների շարքում է

Նկարների աղբյուր՝ hinyerevan.com

Բրեվիսի հետազոտության արդյունքում փորձել ենք պարզել՝ որն է մայրաքաղաքի խորհրդանիշն ըստ երևանաբնակների։

Մայրաքաղաքի բնակիչների 18.9%-ի համար այժմյան Երևանի գլխավոր խորհրդանիշը Օպերայի և բալետի թատրոնի շենքն է՝ քաղաքի այցեքարտը։ Հաջորդում են Կասկադը (12,2%), Հանրապետության հրապարակը (11,4%), Մատենադարանը (7,1%)։ Երևանի խորհրդանիշների թվին է դասվել նաև Երևանի 2800-ամյակին նվիրված նորակառույց այգին (ըստ 7.2%-ի), որը, ինչպես նշել էինք այս շարքի նախորդ հոդվածներից մեկում, երևանաբնակների ամենասիրելի այգին է։

Հարցվողներին խնդրել ենք նաև նշել Երևանի խորհրդային շրջանի խորհրդանիշները։ Մայրաքաղաքի բնակիչների հիշողության մեջ դեռ պահպանվում է Երիտասարդական պալատը, որը հարցվածների 24,6%-ը համարում է խորհրդային Երևանի սիմվոլ։ Երկրորդ տեղում Հանրապետության հրապարակն է (10%), որին հաջորդում է Օպերայի և բալետի թատրոնի շենքը՝ հարակից տարածքով (9,5%): Մարզահամերգային համալիրը (6,6%) և «Մայր Հայաստան» հուշարձանը (4%) եզրափակում են խորհրդային սիմվոլների հնգյակը։ Հավելենք նաև, որ հարցվածների 2,5%-ը որպես խորհրդային Երևանի խորհրդանիշ է նշել Լենինի արձանը։

Որպես Երևանի խորհրդանիշ նշվել են ոչ միայն նյութական արժեքներ, ինչպիսիք են շինությունները (25,7%), վայրերը (17,7%) և արձանները (12,6%), այլև ոչ նյութական, ինչպես օրինակ՝ հնությունը (1.4%),  հյուրասիրությունը (1.2%), բարությունն ու սերը (0.8%), տոներն ու փառատոները (0.1%):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով