«Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ․․․»

Նկարի աղբյուր՝ hinyerevan.com

Մեր նախորդ հրապարակումներից մեկում արձանագրել ենք, որ հայաստանցիների կեսից ավելին ցանկություն ունի նոր կրթություն ստանալու։ Միաժամանակ արդյունքներն ըստ տարիքային խմբերի տարբերվում են ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերելու պատրաստակամության ցուցանիշով, այլև՝ նախընտրություններով։

Այսպես, որքան բարձր է տարիքային խումբը, այնքան նվազում է նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկությունը։ Մասնավորապես, եթե 18-30 տարեկանների շրջանում նոր մասնագիտություն ձեռք բերել չի ցանկանում հայաստանցիների 25%-ը, ապա 31-45 տարեկանների շրջանում նույն ցուցանիշը հասնում է 39.1%-ի՝ աճելով մինչև 65% 46-60 տարեկանների և 75.1%՝ 61 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։

Տարբերվում են նաև տարիքային խմբերի նախընտրելի նոր մասնագիտությունները՝ զարմացնելով բազմազանությամբ։ Այսպես, 18-30 տարեկանների շրջանում ցանկալի նոր մասնագիտություններից առաջին տեղում են, այսպես կոչված, «թրենդային» ոլորտների մասնագիտությունները՝ տնտեսագիտություն (այդ թվում՝ ֆինանսներ, հաշվապահություն)՝ 7.1%, բժշկություն՝ 5.7%, լեզվաբանություն/բանասիրություն՝ 5.2%։ Հետաքրքիր է, որ ՏՏ ոլորտում երկրորդ մասնագիտություն ձեռք բերել ցանկացողների թիվն այս խմբում համեմատաբար փոքր է՝ 4.3%։

31-45 տարեկանների խմբում առաջին տեղում են բժշկական մասնագիտությունները (9.3%)։ Հաջորդում են տնտեսագիտությունը (7.7%) և իրավագիտությունը (5.9%)։

Ավելի բարձր տարիքային խմբերում ևս նախընտրելի են «թրենդային» մասնագիտությունները։ Այսպես, 46-60 տարեկանների շրջանում առաջին 3 տեղերում են լեզվաբանություն/բանասիրություն (4.4%), բժշկություն (4.4%) և իրավագիտություն (3.3%) մասնագիտությունները, իսկ 61-ից բարձր տարիքային խմբում դրանց տեղերն ուղղակի փոխվում են՝ լեզվաբանություն/բանասիրություն (3.6%), իրավագիտություն (3.3%) և բժշկություն (2.8%):

Հետաքրքիր է, որ ՏՏ ոլորտը «սերտել» ցանկացողների թիվն ավելի մեծ է 18-30 և 61-ից բարձր տարիքային խմբերում (4-րդ տեղում է)։ Նշենք նաև, որ խորհրդային ժամանակաշրջանում «ավելի հարգի» համարվող ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունները զգալիորեն զիջել են իրենց դիրքերը՝ դուրս մնալով նույնիսկ առաջին տասնյակից։

Հետազոտության արդյունքների ճշգրտության մակարդակը՝ 95%, ±2.45% սահմանային սխալի հավանականությամբ և 86,4% անկեղծության մակարդակով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով